Լավագույն տեղը՝ մեղադրյալի աթոռն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Որևէ հարցի չպատասխանեցիք, թե ինչու հեղափոխություն բառը մինչ այս օգտագործելու դեպքում, ինձ ավելի շուտ չձերբակալեցիք։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։


«Այդպես էլ ոչ մի հարցի չպատասխանեցիք, թե ինչու առանց ինձ կամ իմ փաստաբանին տեղեկացնելու խուզարկեցիք բնակարանս, ինչու ինձ մինչ այս չձերբակալեցիք՝ 2021-ին 2022-ին, 2023-ին, 2024-ին կամ 2025-ին կես տարի հետո, ինչու մինչ այդ չձերբակալեցիք, անպատասխան մնացին բոլոր հարցերը, անգամ վկաները չեն հարցաքննվել։


Ինչի՞ համար եմ ես հիմա այստեղ կանգնած ու կանգնած եմ որպես մեղադրյալ։ Որովհետև 92-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ զրոյացրել է 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։


Ես ամենաշահեկան տեղում եմ։ Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որ այնտեղ նստած տվայտում է էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն էլ երբեք չունեմ։ Լավագույն տեղը, որ կարող եմ լինել, մեղադրյալի աթոռն է»,- ասում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Նրա խոսքով՝ այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը միայն պատիվ է։