Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» լրտեսին

Իրանում մահապատժի դատավճիռ է կայացվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցության համար դատապարտված անձի նկատմամբ:


Ինչպես հաղորդել է իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը, «Մոսադի» լրտես Բաբեք Շեհբազին, որը համագործակցել է Սիոնիստական ռեժիմի հետ հետախուզության, լրտեսության և անվտանգության ոլորտում, ինչպես նաև տեղեկություններ է փոխանակել այդ ռեժիմի հետ կապված անձանց հետ, մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ դատավարության ընթացքում կայացված դատավճիռը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից:


Հաղորդվում է, որ Շեհբազին, ով աշխատել է արդյունաբերական սառնարանային համակարգերի նախագծման և տեղադրման ոլորտում հեռահաղորդակցության, ռազմական և պահնորդական հաստատությունների հետ կապված ընկերություններում, «Մոսադի» գործակալ Իսմայիլ Ֆիքրի անունով ծանոթանալուց հետո առաջարկել է վաճառել պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց գտնվելու վայրի և տեղաշարժերի մասին տեղեկությունները:


Դրա դիմաց նա պահանջել է ԱՄՆ-ում մշտական կացության կարգավիճակ տրամադրել իր և իր ընտանիքի համար, ինչպես նաև 120 մլն դոլար կանխիկ կամ կրիպտոարժույթով։


Տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի փետրվարին «Մոսադի» աշխատակցի խնդրանքով Շեհբազին և Ֆիքրին Skype-ի միջոցով հետախուզական տվյալներ են փոխանցել իսրայելական կողմին։ Հետագայում Շեհբազին կապ է հաստատել «Մոսադի» աշխատակիցների հետ՝ Սամի Բենջամին Մայքլ ծածկանունով և վերապատրաստվել այդ կազմակերպությունում։



Քաղաքականություն