
Ռուսաստանի կողմից սա պատերազմի ակնհայտ ընդլայնում է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ ահազանգել է ռուսական ագրեսիայի ընդլայնման մասին՝ ընդգծելով, որ Ռուսաստանն աստիճանաբար փորձում է տարածել պատերազմը նաև այլ երկրների տարածք։
«Այսօր Ռումինիան օդ է բարձրացրել մարտական ավիացիան ռուսական անօդաչու թռչող սարքի պատճառով։ Դրոնը ներթափանցել է Ռումինիայի տարածք մոտ 10 կիլոմետր խորությամբ և մոտ 50 րոպե գործել ՆԱՏՕ-ի անդամ պետության օդային տարածքում։ Լեհաստանը նույնպես այսօր արձագանքել է՝ իր ռազմական համակարգերը բերել պատրաստության, քանի որ գրանցվել է Ռուսաստանի հարվածային դրոնների սպառնալիք»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ամբողջ օրվա ընթացքում ռուսական անօդաչու սարքեր են արձանագրվել Ուկրաինայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ հյուսիսային մարզերում՝ Բելառուսի հետ սահմանին։ Նախնական տվյալներով՝ որոշ դրոններ Ուկրաինայի օդային տարածք են ներթափանցել՝ օգտագործելով Բելառուսի օդային տարածքը, հատկապես Վոլինի ուղղությամբ։
«Ռուս զինվորականները հստակ հասկանում են, թե ուր են ուղարկում իրենց դրոնները և որքան կարող են դրանք մնալ օդում։ Այս երթուղիները միշտ հաշվարկված են։ Սա պատահականություն չէ։ Սա չի կարող լինել սխալ կամ ցածրաստիճան հրամանատարների ինքնագործունեություն։ Սա պատերազմի ակնհայտ ընդլայնում է Ռուսաստանի կողմից»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գործում է «փոքր քայլերով, ինչը բերում է մեծ կորուստների»։ Հետևաբար, ըստ նրա, պատասխանը պետք է լինի կանխարգելիչ։
«Պետք է միշտ գործել կանխամտածված ու կանխարգելիչ՝ ելնելով այն պարզ սկզբունքից, որ չեն լինում աննշան ռազմական սպառնալիքներ նրանցից, ովքեր սովոր են ոչնչացնել ուրիշների անկախությունն ու կյանքը։ Ռուսաստանը պետք է զգա հետևանքները։ Դա վերաբերում է թե՛ պատժամիջոցներին, թե՛ տնտեսական սակագներին։ Ուկրաինան իր գործընկերներին առաջարկել է ստեղծել համատեղ պաշտպանության համակարգ, որպեսզի չսպասեն, մինչև տասնյակ «Շահեդներ» կամ բալիստիկ հրթիռներ ընկնեն՝ վերջապես որոշումներ կայացնելու համար»,- եզրափակել է իր ելույթն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։