Անկախության հռչակագրի տեքստի փոփոխության առաջարկ չկա․ Գալյան

ՀՀ Անկախության հռչակագրի տեքստի փոփոխության առաջարկ խորհրդին ուղարկված նոր փաթեթում չկա։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։


«Այս անգամ ուղարկված ու առաջիկայում նախատեսվող նյութերում չեմ կարծում, որ ՀՀ Անկախության հռչակագրի փոփոխությունը տեղ կգտնի, սակայն հենց տեղ գտնի ու քննարկվի, հանրային տարբերակով իրազեկում կլինի»,– նշել է Գալյանը։


Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նոր նյութերին, ապա նախարարը տեղեկացրեց, որ նոր շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին։ Նախատեսում են հաջորդ շաբաթվա ընթացքում ունենալ նիստ, եթե խորհրդի անդամների մեծամասնությանը համար ընտրված օրը հարմար լինի։


Նախարարը նշեց, որ հետզհետե կինտենսիվացնեն խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանան ունենալ պատրաստի տեքստն այն ժամանակահատվածի համար, որը իրենք խոստացել են։


Հիշեցնենք, որ 2025-ի մարտի վերջին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։

Քաղաքականություն