
Դուք մի խնդիր ունեք՝ հաստատված խաղաղությունը քայքայելու. էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա. Փաշինյան

Ես մեկ անգամ եմ ավետել խաղաղության մասին, դա օգոստոսի 18–ի իմ ուղերձն է եղել. այդ ուղերձում ասել եմ, որ ինչքան հարց լինի, ես պատասխանելու եմ։ Այս մասին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, գերեվարվածների խնդիրը կա և ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ։ Ասում եք՝ օգոստոսի 8–ը նախընտրական քարոզարշավ է։ Այսինքն դա լավ բա՞ն է, փաստորեն։ Ասում են՝ դա կապիտուլյացիա է։ Խելամիտ քաղաքական ուժը գալիս ասում է՝ ժողովուրդ, ես կապիտուլյացիա եմ արել, այսինքն դա լավ բա՞ն է։ Եթե դա լավ բան չի, ու մենք դրանով նախընտրական քարոզարշավ ենք անում, ուրախացեք, որովհետեւ վատ բանով նախընտրական քարոզարշավ ենք անելու, սրանից բխող հետեւանքներով։ Ինչի՞ եք տխուր։ Իսկ եթե լավ բան է, մենք քարոզարշավ չենք անում, մենք այդ լավ բանն ենք անում»,- ասել է վարչապետը:
Խոսելով Տավուշում սահմանազատման մասին, Փաշինյանն նշել է. «Ես բոլորին հրավիրում եմ, թող գնան Կիրանց գյուղը նայեն։ Էդ որ ողբ էին ողբում, ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին ի՞նչ եղավ։ Այսօր թող գնան Կիրանցը նայեն։ Այսօր Կիրանց գյուղը ցուցադրական բնակավայր է։ Ասում են՝ մարդիկ գնում են։ Կիրանցը իր լավագույն ժամանակներում ունեցել է 84 տուն, այսօր 50 տուն է կառուցվում Կիրանցում։ Բա էդ ողբի հեղինակներն իրենց ողբի պատասխանը տալո՞ւ են»,- հավելել է նա:
Այն հարցին, թե ՀՀ ներկա վարչապետը Հայաստանին նման քայլերով խաղաղություն է բերել Փաշինյանն ընդգծել է.
«Ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն, և այն ապագան, որի մասին մենք բոլորս երազում էինք։ Այդ խաղաղությունն այսօր է։ Այսօր Զվարթնոցից ինքնաթիռ է թռչում Կապան, դա է խաղաղություն, որ մարդիկ ապրում են առանց վախի։ Խաղաղությունն արդեն եկել է։ Դուք մի խնդիր ունեք՝ հաստատված խաղաղությունը քայքայելու, ես դա ձեզ թույլ չեմ տալու, չերազեք նույնիսկ։ Եթե սպառնալու տեղը գա, կսպառնամ էլ, այն դեպքերում, երբ բանը հասնի Հայաստանի պետական շահերին, պետական անվտանգությանը։ Ով որ Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը սպառնում է, ես էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: