
Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան. Քադիրով

Ուկրաինայում պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այդ երկիրը դառնա Ռուսաստանի մաս: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։
Նա ընդգծել է, որ հիմա «շահավետ չէ» դադարեցնել մարտական գործողությունները։ «ԶՈՒ-ի նպատակներն ու խնդիրները օդից չեն վերցվել, դրանք մեր ողջ երկրի անվտանգության երաշխիքն են։ Մեր սահմաններին խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան»,- նշել է Քադիրովը։
Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները ձգձգելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում նոր հարձակում է նախապատրաստում։ Ըստ եվրոպական երկրների գնահատականների՝ նրա բանակը կփորձի առաջխաղացում ունենալ Պոկրովսկի շրջանում, որը նա արդեն մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում գրավել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանը քաղաքի մոտ տեղափոխել է 100 հազար զինվոր։ Պոկրովսկի գրավումը ճանապարհ կբացի դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ՝ Դոնեցկի մարզի վերջին խոշոր չօկուպացված քաղաքներ։
«Այժմ խաղաղության դիմաց Պուտինը Ուկրաինայից պահանջում է ամբողջությամբ հրաժարվել Դոնբասից, բայց միաժամանակ համաձայն է սառեցնել ռազմաճակատը Խերսոնի և Զապորոժիեի մարզերում շփման գծով։ Զելենսկին նշել էր, որ այս պայմանների կատարումը չի դադարեցնի պատերազմը: Ռուսաստանը պարզապես կօգտագործի ստացված տարածքները՝ որպես հետագա հարձակման հենակետ»։
«Եթե վաղը մենք ինչ-որ կերպ հեռանանք Դոնբասից, ինչը տեղի չի ունենա, ապա Պուտինի համար կբացենք անպաշտպան տարածություն՝ կես միլիոն բնակչություն ունեցող Խարկով քաղաքի կողքին։ Նա կգրավեր նաև Դնեպրի արդյունաբերական կենտրոնը»,- բացատրել է Զելենսկին։ Նախագահն ընդգծել է, որ եթե Պուտինին հաջողվեր գրավել ամբողջ Ուկրաինան, ապա նա կօգտագործեր այն Եվրոպայի վրա հարձակվելու համար։
«Ներկայումս Ռուսաստանը վերահսկում է Դոնբասի 88%-ը և Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի 73%-ը, ընդհանուր առմամբ՝ Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։ Եվ չնայած հավակնոտ ծրագրերին, Պուտինի բանակը շատ դանդաղ է առաջ շարժվում. անցյալ տարի նրան հաջողվել է գրավել Ուկրաինայի տարածքի 1%-ը, իսկ 2025 թվականի ամառային հարձակման ժամանակ՝ 0,3%-ը»։