ՆԳՆ նախարարը` Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին

Սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպքի թաքցնել։ Եթե նախարարությունը նպատակ ունենար որևէ բան կոծկել, ապա ձերբակալման փաստը վրա չէր հասնի: Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները՝ կապված ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր շուրջ տեղի ունեցած դեպքը:


Նրա խոսքով՝ Փարաքարում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեքենայի վարորդը, որը դեսպանի եղբայրն է, չի ունեցել որևէ արգելված իր։


«Վարորդի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նրա մոտից նետվել են իրեր, որտեղ նախնական արդյունքներով հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական էր, որ պարեկային ծառայությունը իրականացներ ձերբակալում»,- նշել է Սարգսյանը:


Նախարարը հավելեց, որ բերման ենթարկվելուց հետո բաժնում ևս վարորդի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։


«Այժմ իրականացվում է նախաքննություն։ Նախաքննությունն էլ կտա վերջնական պատասխան՝ արդյոք դեսպանի եղբայրը փոխանցե՞լ է իր պայուսակը ընկերոջը, թե իրականում այն պատկանել է ուղևորին։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է, որ Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել», – ասել է ՆԳ նախարարը։


Հիշեցնենք` Սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ 


Նարեկ Մկարտչյանն արձագանքել էր եղբոր ձերբակալությանը նշելով. «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»:

Քաղաքականություն

Պատահարներ