Բրազիլիայում զգուշացնում են ԱՄՆ-ի հնարավոր ճնշումի մասին
Բրազիլիան պետք է հաշվի առնի այն ռիսկը, որ Միացյալ Նահանգները կարող են փորձել ուժով վերահսկողություն հաստատել երկրի հազվագյուտ հողային տարրերի հանքավայրերի նկատմամբ, հայտարարել է Բրազիլիայի խորհրդարանի պատգամավոր Գլաուբեր Բրագան։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ անդրադառնալով Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններին և նախագահ Նիկոլաս Մադուրոյի շուրջ զարգացումներին։
Բրագայի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է համախմբում, քանի որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքները կարող են ընդլայնվել։ Նա նշել է, որ Վենեսուելայի դեմ գործողություններից հետո հնչում են նաև այլ երկրների՝ այդ թվում Կոլումբիայի և Կուբայի հասցեին ուղղված սպառնալիքներ։ Պատգամավորը կարծիք է հայտնել, որ եթե Բրազիլիան չհամաձայնի զիջել իր բնական ռեսուրսների վերահսկողությունը, ապա կարող է հայտնվել ճնշման տակ։
Բրազիլիան համարվում է աշխարհում հազվագյուտ հողային մետաղների խոշոր պաշարներ ունեցող երկրներից մեկը, սակայն այդ ոլորտը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Բացի այդ, մինչ այժմ բացակայում է հստակ պետական կառույց, որը կզբաղվեր այդ ռեսուրսների համակարգված մշակմամբ։
Վերջին ամիսներին երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մի շարք քայլեր է ձեռնարկել ոլորտի կարգավորման ուղղությամբ՝ շեշտադրելով ազգային ինքնիշխանության պահպանումը և Բրազիլիայի՝ սեփական ռեսուրսների վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու իրավունքը։






























