Գառնիկ Դանիելյանը` Միքայել Սրբազանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Միքայել Սրբազանի հետ չեն քննարկել՝ նրա թեկնածությունը առաջադրելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ հարցեր։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


Հիշեցնենք, որ մամուլում այսօր տեղեկություններ են շրջանառվել առ այն, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել և որպես վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել Սրբազանին։ Ըստ մամուլի՝ խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն:


«Նման բան չկա։ Մենք նման հարց չենք քննարկել։ Միքայել Սրբազանին օրեր առաջ այցելել ենք՝ նրա որպիսությունն իմանալու, նրա հետ զրուցելու։ Այդ մասին նաև հայտարարություն ենք արել՝ հանդիպման մասին տեղեկացնելով հանրությանը։ Ընդամենը դա է եղել, այլ բան չի եղել։ Եթե նման հարց քննարկվեր, ապա այդ մասին անպայման տեղյակ կպահեինք։ Մենք ակտիվ մասնակցում ենք դատական պրոցեսներին՝ թե Միքայել Սրբազանի, թե՛ Բագրատ Սրբազանի» գործերով, թե՛ մյուս քաղբանտարկյալների գործերով, ում տեսակցությունները բաց են՝ նաև այցելում ենք, փորձում ենք բարոյական աջակցությունը, մեր զորակցությունը հայտնել՝ ապօրինի անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, մեր ընկերներին, փորձում ենք կենցաղային հարցեր լուծել, որոշ դեպքերում՝ նաև առողջական վիճակի խնդիրներ։ Սա արտառոց իրադարձություն չէ, մեր սովորական աշխատանքն է, որն ամեն օր էլ անում ենք»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։


Հարցին՝ ինչով է պայմանավորում նման լուրերի տարածումը, ինչից կարող էին ենթադրել, որ նման հարց կբարձրացվի՝ Դանիելյանը պատասխանել է՝ նշելով, որ կարող էին ճշտել, եթե նման հարց քննարկվեր, ապա կասեին այդ մասին։


«Ժամանակին հայտարարություն եղել է, Միքայել Սրբազանն իր դիրքորոշումը հայտնել է, այդ հարցն այլևս չի արծարծվում»,- ասել է Դանիելյանը:


Նշենք, որ հունիսի 27-ին՝ Միքայել Սրբազանի ձերբակալության օրը, «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ են Միքայել Սրբազանի թեկնածությանը՝ վարչապետի պաշտոնում։ Նույն օրը Սրբազանի թեկնածությունն առաջարկել են առաջադրել Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ Միքայել Սրբազանը հրաժարվել է առաջարկից։

Քաղաքականություն

Պատահարներ