Մարտի 1-ին Զինված ուժերն օգտագործվել են. Տոնոյան
«Մարտի 1»-ի քրեական գործը և ավագ կազմի, և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն ունենում է՝ հաշվի առնելով նախաքննության փուլը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Անընդհատ հրավերներ ՀՔԾ և այլ վայրեր: Դրա համար որոշակի ազդեցություն ունենում է, բայց միանշանակ է, որ զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: Այլևս այդպես շարունակել չի կարելի»,-ասաց նա: Հարցին, թե այսօր կա՞ երաշխիք, որ բանակը այլևս չի խառնվելու քաղաքականությանը, Տոնոյանը պատասխանեց. «Դա երաշխավորված է օրենսդրությամբ, Սահմանադրությամբ: Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն: ԶՈՒ-ն պետք է պահել բոլոր քաղաքական գործընթացներից դուրս և շատ շնորհակալ եմ, որ վարչապետը այդ հարցում ևս ինձ հետ համաձայն էր և սկզբունքայնություն է ցուցաբերել: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մենք քաղաքական գործընթացներից դուրս մնալու ավանդույթ ենք ձևավորում»: Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել եւ կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության փուլ, ես կխուսափեմ որեւէ գնահատական տալուց: բայց որ զինված ուժերը ներկա են եղել եւ օգտագործվել են, դա փաստ է»:

Պատահարներ