
Հենց այն թակարդն է, որը Ռուսաստանը լարել է մեզ համար. Կալասը` Ուկրաինայի տարածքների վերաբերյալ Մոսկվայի պահանջների մասին

Սա հենց այն թակարդն է, որը Ռուսաստանը լարել է մեզ համար: BBC-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Ուկրաինայի տարածքների վերաբերյալ Մոսկվայի պահանջները։
«Բոլոր խոսակցություններն այն մասին են, թե ինչ պետք է զիջի Ուկրաինան, ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Միևնույն ժամանակ մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը ոչ մի զիջման չի գնացել», - հավելել է նա։
«Եթե մենք հայտնվենք այդ թակարդում, եթե ճնշում գործադրենք Ուկրաինայի վրա զիջումների հարցում, ապա նման իրավիճակը կկրկնվի, քանի որ ագրեսիան կպարգևատրվի», - եզրափակել է Կալասը։
Ըստ Կալասի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայի գագաթնաժողովից «ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր». նրան ընդունել են պատիվներով, իսկ Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ չի սահմանել։
Կալասը մեկնաբանել է նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները։ Ըստ նրա, այս փուլում առայժմ «հստակ քայլերը» քիչ են։
«Անվտանգության ամենահուսալի երաշխիքը ուժեղ ուկրաինական բանակն է», - ասել է նա։
Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ բանակցությունների արդյունքներով մի քանի երկրներ առաջարկ են պատրաստում, թե ինչպիսի տեսք կարող են ունենալ Կիևի համար անվտանգության երաշխիքները։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայում արևմտյան զինվորականների տեղակայումը Ռուսաստանի համար անընդունելի է։