
ԱԺ պատգամավորը` երեկ ադրբեջանական կողմի կրակոցների մասին

Ադրբեջանի կողմից հայկական ինժեներական տեխնիկային հասցված կրակահերթերից հետո երեկվանից շատերն են հարցնում` ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը ձգտում է առավելության բոլոր ուղղություններով և բոլոր դիրքերում: Ինքն ակտիվ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, սակայն որոշակի պարբերականությամբ խանգարում/խոչընդոտում հայկական կողմի աշխատանքները:
Ադրբեջանը լավ գիտի` ինչ լկտիության էլ դիմի, ի՞նչ էլ իրեն թույլ տա, առավելագույնն ինչ կանի փաշինյանական իշխանությունը` կոչ անելն է լինելու, օրինակ` հետաքննություն անելու կամ փաստերով փոխանակվելու առումով:
Միշտ չէ, որ Բաքվի գործողություններում խորը գնացող նպատակներ կան, նվազագույնը Հայաստանի հաշվին ինքնահաստատվում են, մարտական ոգին մարզավիճակում պահում, դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ էլ պահը որսան` մեզ մի վնաս կտան»,- գրել է նա:
Հիշեցնենք` օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: