Զելենսկին կոչ է արել Արևմուտքին փոխել ռեժիմը Ռուսաստանում

Միջազգային հանրությունը պետք է ձգտի Ռուսաստանում ռեժիմի փոփոխության, հակառակ դեպքում Վլադիմիր Պուտինը կշարունակի անկայունացնել իրավիճակը հարևան երկրներում նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Ռուսաստանը սկսել է այս պատերազմը, և նրան կարող են ստիպել դադարեցնել այն։ Բայց եթե աշխարհը չձգտի ռեժիմի փոփոխության Ռուսաստանում, դա կնշանակի, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Մոսկվան դեռ կփորձի անկայունացնել իրավիճակը հարևան երկրներում», - ասել է Զելենսկին։


Զելենսկին ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Ռուսաստանը խաղաղության համաձայնագիր կնքի Ուկրաինայի հետ։ «Այսօր աշխարհը կրկին տեսավ Ռուսաստանի արձագանքը մեր խաղաղության ցանկությանը, որը կիսում են և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրոպան: Սրանք նոր ցուցադրական սպանություններ են: Ահա թե ինչու խաղաղությունն անհնար է առանց ուժի», - ասել է նա՝ նշելով, որ Կիևի դաշնակիցներն ունեն բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Մոսկվային ստիպելու նստել «իրական բանակցությունների սեղանի շուրջ»:


Պետության ղեկավարը նաև կոչ է արել բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները: Նրա խոսքով՝ այդ միջոցները պետք է ծառայեն ոչ թե պատերազմին, այլ խաղաղությանը: «Մենք պետք է ամբողջությամբ արգելափակենք Ռուսաստանի ռազմական մեքենան: Բոլոր սառեցված ակտիվները, այդ թվում՝ կոռուպցիայի միջոցով ձեռք բերված հարստությունը, պետք է օգտագործվեն ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար», - բացատրել է Զելենսկին:

Քաղաքականություն