Վանաձորի նախկին քաղաքապետի մասնակցությամբ համայնքին խոշոր չափի վնաս է պատճառվել. ՔԿ

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Սամվել Դարբինյանին առնչվող քրեական վարույթի մանրամասները։


Նշվում է, որ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ Վանաձոր համայնքին, ընդհանուր առմամբ, մոտ 400 միլիոն ՀՀ դրամի վնաս է պատճառվել։


Ըստ մեղադրանքի՝ 1999-2016թթ․ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Դարբինյանը համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման կիսակառույց կայանի շենք-շինությունները ձևական աճուրդով օտարել է՝ էական վնաս պատճառելով համայնքին։


2005թ․ նա նախնական համաձայնություն է ձեռքբերել ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ, ով այդ շրջանում զբաղեցրել է ՀՀ ՊՆ բանակային 3-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Ձևական աճուրդին մասնակցել է Լևոն Երանոսյանի հետ խնամիական կապեր ունեցող ոմն Արթուր Սարուխանյանը, ում հետ հետագայում կնքվել է շենք-շինությունների առուվաճառքի վերաբերյալ պայմանագիր, ապա իրականացվել են շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Այս դրվագով համայնքին պատճառվել է 177 միլիոն դրամի վնաս (դեռևս 2005թ․-ին կայանի շենք-շինությունները գնահատվել են 240 մլն ՀՀ դրամ, Սարուխանյանն այն ձեռք է բերել 63 մլն դրամով, գումարի տարբերությունը գնահատվել է որպես վնաս)։


Հաջորդ դրվագով Դարբինյանը, պարզելով, որ կեղտաջրերի մաքրման կայանի հանձնման-ընդունման ակտում ներառված չէ կայանի ստորգետնյա մետաղական խողովակաշարը, և նպատակ ունենալով այն հափշտակել և օգտագործել իրեն ու եղբորը՝ Սեյրան Դարբինյանին պատկանող, Մարց գետի վրա կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում, նախաձեռնել է 244 մլն դրամ խողովակաշարի հափշտակման գործընթացը։


Դարբինյանը մեղադրվում է նաև փողերի լվացման համար։


Ընդհանուր առմամբ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։


Հիշեցնենք՝ հունիսի 23–ին Սամվել Դարբինյանը և ևս 4 անձ ձերբակալվեցին: Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ ՀՀ հունիսի 24-ին հայտնի դարձավ, որ Սամվել և Սեյրան Դարբինյանների նկատմամբ տնային կալանք է կիրառվել։

Քաղաքականություն