Պուշկինի փողոցում սպանության փորձ կատարած անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հուլիսի 12-ի գիշերը՝ ժամը 3.45-ին, հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պարանոցային խոշոր անոթի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի:


Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1․55-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցում 29-ամյա երիտասարդն ու ընկերները, մարդաշատ վայրում հայհոյելու համար, նկատողություն են արել մի խումբ այլ երիտասարդների, ինչից հետո հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կողմեը հայհոյել են միմյանց, փոխադարձ հարվածներ հասցրել, իսկ այդ անձանցից մեկն ինչ-որ առարկայով մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա երիտասարդին:


Խուլիգանության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել են կատարվածի որոշ հանգամանքներ և մասնակիցների ինքնությունը: Պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։ Երևանի բնակիչ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել, ու տեղափոխվել է բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:


Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն