Մակրոնը պատրաստվում է այցելել Սիրիա․ սա կլինի Ասադի իշխանությունից հետո արևմտյան առաջին ղեկավարի այցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այցելել Սիրիա, ինչը կլինի 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո արևմտաեվրոպական երկրի ղեկավարի առաջին այցը Դամասկոս։ Այս մասին հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։
Սիրիական կողմի տեղեկացմամբ՝ Մակրոնը Սիրիա կժամանի պատվիրակության հետ, որի կազմում կլինեն նաև ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ և ներդրողներ։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների խորացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Այցի հստակ ժամկետը դեռ չի հրապարակվել, իսկ Ելիսեյան պալատն առայժմ պաշտոնապես չի հաստատել այցի մասին տեղեկությունը։
Ֆրանսիայի վերջին նախագահը, որը պաշտոնական այցով եղել է Սիրիայում, Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին։ Դրանից երկու տարի անց Բաշար ալ-Ասադի իշխանությունների կողմից ժողովրդավարական բողոքի ցույցերի բռնի ճնշումը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որի հետևանքով զոհվեց ավելի քան կես միլիոն մարդ, իսկ երկիրը ծանր ավերածությունների ենթարկվեց։
Հայտարարությունը հնչել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից օրեր անց, երբ սրճարաններից մեկում իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 10 մարդ։ Սա նոր մարտահրավեր է Սիրիայի նոր իշխանությունների համար, որոնք փորձում են վերամիավորել երկիրը ավելի քան 13 տարվա պատերազմից հետո։
2025 թվականի մայիսին Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել էր Սիրիայի նոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային, ինչը միջազգային լայն արձագանք էր ստացել՝ հաշվի առնելով, որ Շարաան նախկինում ղեկավարել էր «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղը, իսկ հետագայում դարձել էր երկրի ղեկավար։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Ֆրանսիան ակտիվ դեր է խաղում Սիրիայի նոր իշխանությունների և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Միաժամանակ Փարիզը ձգտում է ամրապնդել իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը Սիրիայում՝ մրցակցելով այլ արևմտյան երկրների հետ։
Սպասվում է, որ Մակրոնի և Շարաայի բանակցություններում կքննարկվեն նաև ազգային փոքրամասնությունների պաշտպանության, Սիրիայի վերականգնման, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերը։ Ֆրանսիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այս թեմային, քանի որ վերջին տարիներին ինքն էլ դարձել է խմբավորման ահաբեկչական հարձակումների թիրախ, իսկ Սիրիան 2025 թվականին միացել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիային։