Գիտեմ, որ ինձ չես սիրում․ Ռոնալդուի սուր բանավեճը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Աշխարհի առաջնությունում իր համար ամենաբարդը լրագրողների հետ շփումն է։
ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի Իսպանիայի դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսն աչքի է ընկել 41-ամյա պորտուգալացու և բրազիլացի լրագրող Մարսելո Բեխլերի միջև կայացած ուշագրավ ու լարված երկխոսությամբ։ Ռոնալդուն հերթական անգամ ցուցադրել է իր հեղինակավոր կեցվածքը՝ խոսելով տարիների ընթացքում արված ֆիզիկական զոհողությունների և անկոտրում կարգապահության մասին։
Ասուլիսի ընթացքում Ռոնալդուն անձամբ է ընտրել հարց տվողին.
«Խոսքը փոխանցեք նրան։ Այն տղային, որն առջևում է կանգնած։ Հենց նրան, ով ինձ չի համակրում։ Տեսնենք՝ արդյոք նա ինձ լավ հա՞րց կտա։ Դե արի։ Ո՞ւմ։ Այն մեկին։ Այո, այո, քեզ։ Այո, նա է։ Ես գիտեմ, որ նա ինձ չի սիրում»,- նշել է Ռոնալդուն։
Լրագրող. — Կրիշտիանու, ինչպե՞ս եք։ Պաշտում եմ ձեզ, հաճելի է ձեզ հետ զրուցել։ Ուզում էի հարցնել՝ ի՞նչն է ամենաբարդը 41 տարեկանում Աշխարհի առաջնությունում խաղալու մեջ։
Ռոնալդու. — Ի՞նչն է ամենաբարդը։ Ձեզ հետ խոսելը։ Ձեզանից ոմանց հետ։ Հատկապես նրանց հետ, ովքեր ինձ չեն սիրում։ Դու նրանցից մեկն ես, ես դա հաստատ գիտեմ։ Ես դեմքերը շատ լավ եմ հիշում։ Բավական է մեկ անգամ տեսնել մարդուն, և ես նրան այլևս չեմ մոռանա։
Այնուհետև պորտուգալացին անդրադարձել է իր ֆիզիկական մարզավիճակին և հաղթողի մտածելակերպին.
«41 տարեկանում խաղալը, կարծում եմ, լավ փորձ է դարձել ինձ համար, որովհետև նման մակարդակի հասնելու համար ստիպված ես շատ բաներ զոհաբերել: Հենց դրանով եմ ես զբաղվել իմ ողջ կարիերայի ընթացքում՝ անընդհատ հարմարվել եմ, այդ թվում՝ տարիքիս, գիտակցելով, որ ես արդեն այն ֆուտբոլիստը չեմ, ինչ նախկինում էի: Բայց մի բան ինձ համար հստակ է՝ ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ գոլեր խփել։ Ուստի հույս ունեմ աչքի ընկնել նաև վաղը։ Իսկ եթե ոչ ես, ապա թող դա անի իմ թիմակիցներից որևէ մեկը, որպեսզի մենք առաջ շարժվենք։ Ահա թե ինչը կմնա հիշողության մեջ՝ դուրս գալ հաջորդ փուլ, խաղալ մեծագույն թիմի դեմ։ Եվ հիանալի կլիներ վաղը հաղթել Իսպանիային»,- եզրափակել է հարձակվողը։