Կադիրովը հայտարարել է, որ ստիպված է կրկին առաջադրվել Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ստիպված է կրկին առաջադրվել հանրապետության ղեկավարի պաշտոնում, թեև անձամբ կցանկանար այդ պաշտոնում տեսնել մեկ այլ թեկնածու։ Այս մասին նա ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
«Եթե ինձ հարցնեք, ես կնախընտրեի մեկ այլ թեկնածուի, որովհետև սա մեծ պատասխանատվություն է, և ես գիտեմ, թե որքան բարդ է այդ աշխատանքը։ Այսօր, կարելի է ասել, ստիպված եմ մասնակցել ընտրություններին։ Վստահ եմ, որ ժողովուրդն ինձ կաջակցի, և եթե աջակցի, պատրաստ եմ շարունակել ծառայել ժողովրդին»,- ասել է Կադիրովը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։
Ռամզան Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից։ 2010 թվականին օրենսդրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահի պաշտոնը վերանվանվեց տարածաշրջանի ղեկավարի պաշտոն։
2021 թվականի ընտրություններում, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Կադիրովը ստացել էր ընտրողների ձայների 99,7 տոկոսը։ Չեչնիայի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Կադիրովը հայտարարել էր, որ «կուշտ է իշխանությունից և ժողովրդին ծառայելուց», սակայն այժմ հայտարարել է, որ պատասխանատվության զգացումից ելնելով կրկին առաջադրվում է։