Կրկեսի շենքը կպետականացվի. «Հետք»
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքն առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտնում է «Հետքը»:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2025թ. հուլիսի 7-ին, վարույթ ընդունելու հարցը դեռ լուծված չէ: Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Երիցյանին:
Նշենք, որ «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն ստեղծվել է 2006թ. մարտին: Ընկերության 76.5%-ը 2019թ. նոյեմբերից պատկանում է «Տաշիր Կապիտալ»» ՓԲԸ-ին: Վերջինիս տնօրենը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է՝ Նարեկ Կարապետյանը:
Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջում է լուծել Պետգույքի կառավարման կոմիտեի և գնորդի միջև 2006թ. փետրվարի 14-ին կնքված պետական գույքի օտարման, նույն տարվա հունիսի 22-ին նոտարական վավերացմամբ կնքված ներդրման պայմանագիրը, դեկտեմբերի 8-ին կնքված գրավի պայմանագրերը: Կոմիտեն պահանջում է լուծել նաև կողմերի միջև 2011թ. օգոստոսի 13-ին կնքված պայմանագիրը և որպես այդ պայմանագրերի լուծման հետևանք՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում գտնվող 6070քմ մակերեսով անշարժ գույքի, 180.9քմ մակերեսով օժանդակ շինության և դրանց զբաղեցրած 0.57598 հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները։
Պահանջ է դրվել նաև նշված անշարժ գույքերը բռնագանձում տարածելու միջոցով առգրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ դրանց նկատմամբ ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հիշեցնենք՝ 2011թ. սեպտեմբերին սկսվեցին կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքները՝ նախատեսելով այն ավարտել 2014թ. վերջին: Սակայն շինաշխատանքների ընթացքում որոշվեց հին շենքը քանդել և կառուցել նորը: 2012թ. սեպտեմբերի 8-ին կրկեսի հին շենքը պայթեցվեց, տեղում կառուցվեց նոր շենք՝ ավելի մեծ տարածքով:
«Երևանյան կրկես» ընկերության տնօրենը 2012թ. նամակով դիմել է Կառավարություն՝ խնդրելով երկարաձգել նախագծի ավարտը մինչև 2015թ., ինչին Կառավարությունը համաձայնել է, սակայն մինչ օրս կրկեսը շահագործման չի հանձնվել: Արտաքուստ նոր շենքը կանգուն է, սակայն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...
Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են
ԱԱԾ-ն փորձում է առգրավել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն Տարոն Մանուկյանին ձերբակալել: Ավելի վա...
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է փոխարտգ...
Դատախազությունը և ՔԿ-ն` ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ դատախազությունում վարույթի առկայության...