Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ փոփոխված բանաձևը՝ Եվրոպական հանձնաժողովի 2023 և 2024 թվականների զեկույցների վերաբերյալ: Փաստաթղթին աջակցել են 490 Եվրախորհրդարանի անդամներ, 147-ը՝ դեմ, իսկ 49-ը՝ ձեռնպահ։


Ըստ բանաձևի՝ «Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Վրաստանում քաղաքական և սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել միայն առաջիկա ամիսներին նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելով՝ բարելավված ընտրական միջավայրում, անկախ և անաչառ ընտրական վարչակազմի և բարեխիղճ միջազգային և տեղական դիտորդների հսկողության ներքո՝ ապահովելու իսկապես արդար, ազատ և թափանցիկ գործընթաց, որը կարտացոլի ժողովրդի իրական կամքը»։


Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։


Եվրոպացի պատգամավորները հաստատել են Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գրավված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայներով։

Քաղաքականություն