Ազգի ամոթն է Վեհարանի վրա հարձակումը. Գեղամ Նազարյան

«Ե՛վ Բագրատ Սրբազանի, և՛ Միքայել Աջապահյանի կալանավորումն ինձ համար անձնական ողբերգություն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Գեղամ Նազարյանը.


«Մենք պետք է մեզ թափ տանք ու հասկանանք, այս ինչ բարոյահոգեբանական վիճակում ենք ապրում, որ այսպիսի դեպքի, գործողության ականատես եղանք։ Ես մեկնաբանություն չունեմ, կուզեի, որ սա երազ լիներ և չտեսնեի, որ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով առաջ են գնում․․․ Փառք Աստծո՝ ինչ-որ մի պահի հետ քաշվեցին, և մենք առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք։ Չնայած դա արդեն ամոթ է մեր ազգի համար»։


«Ցանկացած մարդ Աստծուն է պատասխանատու իր որոշումների համար, այնպես որ իշխանությունը ինչ հրահանգ է տալիս՝ կապ չունի, մարդն է որոշում կայացնում։ Ես չեմ հավատում, որ ճնշում են գործադրում, ի վերջո, կարելի է դիմում գրել, գործից դուրս գալ, եթե ինքը գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել»։


Պատգամավորի խոսքով` Վեհարանի վրա հարձակումը մեր ազգի ամոթն է: