Հայկական մեքենաները չեն կարողանում հատել վրացական մաքսակետը. Հետք

Սառեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին. մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը:


Ձկնարտադրող ընկերությունները «Հետք»-ին ահազանգել են, որ արդեն 6 օր է` վրացիներն արհեստականորեն ձգձգում են ձկնամթերքով բարձած իրենց մեքենաների ելքը Վրաստանից․ ոչ ձևակերպումներ են անում, ոչ էլ պատճառաբանում են չձևակերպելը:


«Վարորդներն ում մոտենում են, ասում են` սպասեք: Բայց ձուկը ժամկետ ունի, 9 օրից պիտի A կետից B կետ հասնի, եթե չէ, հետ ենք բերելու` և՛ մենք ենք տուժելու և՛ արտահանողը, չգիտենք՝ ինչ ենք անելու: Հետաքրքիրն այն է, որ Կազբեկը բարձրացել, իջել են, որ մտնեն վրացու անցակետ, էնտեղից են հետ ուղարկում: Եթե պիտի Գեզի ուղարկեին, թող Սադախլոյից ուղարկեին, ինչի՞ են հասցրել Կազբեկ, հետո հետ ուղարկում: Մեքենաները վառելիք են ծախսել, կայանատեղիների գումարները վճարել են, հասել են Կազբեկ, էնտեղից հետ են դարձրել»,-պատմել են բեռնափոխադրողները։