
Հայտնի է՝ ինչ են քննարկել Էրդողանը և Թրամփը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր: Նախագահ Էրդողանը ողջունել է Իրանի և Իսրայելի միջև ԱՄՆ նախագահի ջանքերի արդյունքում ձեռք բերված հրադադարը և ցանկություն է հայտնել, որ այն կայուն լինի: Նա նաև ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը՝ Գազայում մարդասիրական ողբերգության շուտափույթ ավարտի և ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման համար:
Հաղորդագրության համաձայն՝ «երկու առաջնորդներն էլ ընդգծել են ՆԱՏՕ-ի զսպող ուժը ամրապնդելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու կարևորությունը»։
Նախագահ Էրդողանը հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես՝ էներգետիկայի և ներդրումների ոլորտներում, և որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության 100 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն։