Ամենազանգվածային հարձակումն է իրականացվել Խարկովի ուղղությամբ
Ռուսաստանը հունիսի 7-ի գիշերն անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Խարկովի ուղղությամբ՝ 2022 թվականից ի վեր։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 20-ը վիրավորվել են, քաղաքում զանգվածային ավերածություններ են տեղի ունեցել:
Մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ տուժածների թվում երկու երեխա կա, այդ թվում ՝ մեկ ու կես ամսական երեխա։ Արձանագրվել են բնակելի տների և քաղաքացիական ձեռնարկության վրա հարվածներ։
Ըստ Սինեգուբովի, ընդհանուր առմամբ ռուսաստանյան զինվորականները Խարկովի վրա հարձակման շրջանակում կիրառել են «Շահեդ» տիպի 48 անօդաչու, հինգ կառավարվող ավիացիոն ռումբ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ և երեք հրթիռ։
Տուժել են քաղաքի Կիևյան և Օսնովյանսկի շրջանները։ Անօդաչուներից մեկը խոցել է ինը հարկանի բնակելի շենք, հրդեհվել է 7-րդից 9-րդ հարկերի 12 բնակարան։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել մի տուժածի։
Ընդհանուր առմամբ Խարկովում հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենք, երկու առանձնատուն, երկու ձեռնարկություն, երկու ավտոմեքենա, վարչական շենք և մանկական երաժշտական դպրոցի շենքը։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ Հունիսի 7-ի գիշերը ռուսական զորքերը նաև հարվածներ են հասցրել Խերսոնին։ Արդյունքում զոհվել է առնվազն երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են, վնասվել են բնակելի բարձրահարկ շենքեր։