Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-նեը հարձակվել են Իրկուտսկի շրջանի զորամասի վրա

Կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը։ Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։


Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։


Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը գրում է, որ հարձակման են ենթարկվել հետևյալ ավիաբազաները՝ «Օլենյա» (Մուրմանսկի մարզ), «Բելայա» (Իրկուտսկի մարզ), «Իվանովո» (Իվանովոյի շրջան) և «Դյագլևո» (Ռյազանի շրջան):


Ռուսաստանի Իրկուտսկի մարզի մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա: 

«Այս պահին հայտնի է, որ դա անօդաչու թռչող սարքերի հարձակում էր զորամասի վրա», - գրել է Կոբզևը:

Նա նշել է, որ ԱԹՍ-ների ճշգրիտ թիվը դեռ չի հաշվարկվել։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ և ուժային ծառայություններ՝ ԱԴԾ-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, «Ռոսգվարդիայի» մարտիկներ։ Անցկացվել է օպերատիվ շտաբի նիստ: Մարզպետը նույնպես մեկնել է Ուսոլի շրջան։

Կոբզևը նաև մանրամասնել է, որ տարածաշրջանում դրոնների արգելափակված աղբյուրը բեռնատար ավտոմեքենա է:

Նրա խոսքով՝ «աղբյուրը, որտեղից արձակվել են դրոնները, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է»։

Ականատեսներից մեկը հայտարարել է, որ բեռնատարը, որից թռել են դրոնները, կանգնած է եղել Օլենեգորսկ քաղաքի մուտքի մոտ։

«Վարորդը եկել է, նա վազում է, շտապում․ բեռնատարի տակից անօդաչու թռչող սարքերը թռչում են և սլանում դեպի Վիսոկի։ Այնտեղ ճանապարհային ոստիկանները նրան հիմա կապել են։ Նա ասում է՝ ինձ ասել են գալ այս կետը, ինձ կդիմավորեն։ Նա եկել է, դրոնները մեկը մյուսի հետևից թռչում են», - պատմել է ականատեսը։