
Գործազրկության աճ՝ Հայաստանում

2024թ. համաշխարհային տնտեսությունում եւ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2024 թ. հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է արտաբյուջետային կանոնների առավել մեղմ սահմանափակման պայմաններում, քանի որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է գտնվել 50 տոկոս շեմից:
2024 թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ:
2024 թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ: Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53,1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով:
Հայաստան այցելել է 2 մլն 208 հազար զբոսաշրջիկ, նախորդ տարվա համեմատ, այս թիվը նվազել է շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ:
2024 թ. գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նկատմամբ, աճել է 1,5 տոկոսային կետով՝ կազմելով 13,9 տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,4 տոկոսով` կազմելով 287 հազար 172 դրամ:
2024 թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 579 մլրդ դրամ՝ ապահովելով 95,8 տոկոս կատարողական, իսկ ծախսերը` 2 տրիլիոն 955 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմել է 376 մլրդ դրամ:
2024թ. պետական բյուջեի պակասուրդը կազմել է 376,1 մլրդ դրամ: Պակասուրդի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 3,7 տոկոս՝ կանխատեսված 4,6 տոկոսի դիմաց: