
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետին և ևս 9 անձի հրավիրել են Դատախազություն. «Հետք»

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին և նրա հետ փոխկապակցված 9 անձի 2025թ. մայիսի 30-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագիրն անմիջապես չի հանրայնացնում: Այսինքն՝ այս փուլում հայտնի չէ, թե Դատախազությունը Արտյոմ Մովսեսյանին ու նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող որ գույքը, ինչ չափի դրամական միջոցներ ու այլ սեփականություններ է դիտարկում՝ որպես ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող:
Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը 2004թ․-ից զբաղեցրել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում: