ՔԿ-ից 590.000 դոլարի մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը բացահայտվել է

Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց համարվող առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են հանցագործության մասնակիցները, նրանց գործողությունների մեխանիզմը և գումարի մեծ մասը։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։


Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է բացահայտել մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը։ Հայտնի են դարձել հանցագործության մեջ ներգրավված անձանց ինքնությունները, նրանց դերաբաշխումը, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը։


Նախաքննության արդյունքում ձերբակալվել են հանցագործություն կատարած անձինք։


Կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլարից 578.800-ը։ Կոմիտեի հաղորդմամբ՝ ձերբակալվածները, անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահ մարմինները ձեռնարկում են միջոցառումներ՝ մնացած՝ 11.200 դոլարի հայտնաբերման ուղղությամբ։ 


Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, առաջիկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ՝ թույլատրելի սահմաններում ներկայացնելով ինչպես հանրային հնչեղություն ստացած այս վարույթով պարզված հանգամանքները, այնպես էլ հանցագործության ու դրա մասնակիցների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների գործադրած ջանքերը։


Ավելի վաղ հաղորդվել էր՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից՝ Երևանում, Դեղատան 3 հասցեում, առանձնապես խոշոր չափերով՝ որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Գումարը պահվել է վարչական շենքի 6-րդ հարկում՝ չհրկիզվող պահարանում։ Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործությունը հնարավոր է եղել իրականացնել քննիչի կեղծ անցագրի միջոցով՝ գիշերային ժամերին։


Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի (բնակարան ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերով գողություն) հատկանիշներով։