Իսրայելը կրակել է օտարերկրյա դիվանագետների ուղղությամբ. երկրների արձագանքը

Իսրայելի զինված ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել միջազգային դիվանագետների պատվիրակության ուղղությամբ Ջենին քաղաքում։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատվիրակությունն այցելել է Ջենին։


Պատվիրակության կազմում եղել են Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչներ: Պաղեստինյան իշխանությունների հաղորդմամբ՝ դիվանագետները գտնվում էին քաղաքում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, երբ Իսրայելի զինծառայողները կրակ են բացել նրանց ուղղությամբ։


Իսրայելի բանակը հայտարարում է, որ պատվիրակությունը շեղվել է նախապես համաձայնեցված երթուղուց, ինչն էլ ստիպել է զինծառայողներին կրակ բացել՝ նրանց տարածքից հեռացնելու նպատակով։


Ավելի քան տասը երկրների կառավարություններ կոշտ արձագանք են հայտնել միջադեպին՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները և դրանք որակելով որպես անընդունելի։ Իսրայելի կողմը շեշտում է, որ կրակոցները եղել են բացառապես նախազգուշական և ոչ մի նպատակ չեն ունեցել դիվանագետներին վնասելու։


Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորների կողմից Ջենինում մի խումբ դիվանագետների, այդ թվում՝ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության աշխատակցի վրա կրակոցները և կոչ է արել հետաքննել միջադեպը։


Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում հայտարարել է. «Մենք խստորեն դատապարտում ենք այս անառարկելի հարձակումը»։


Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոյի խոսքով՝ այցը նախապես համաձայնեցված է եղել իսրայելական բանակի հետ, իսկ դիվանագետները տեղաշարժվել են «հստակ նույնականացվող մեքենաների» շարասյան մեջ:


«Այդ դիվանագետների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի աշխատակիցների վրա կրակել են։ Եղել են նախազգուշական կրակոցներ, թե ոչ, ամեն դեպքում, դա անընդունելի է»: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղարը:


«Ակնհայտ է, որ դիվանագետները, որոնք կատարում են իրենց աշխատանքը, երբեք չպետք է ենթարկվեն գնդակոծության կամ որևէ հարձակման»:


ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել իսրայելական կողմին միջոցներ ձեռնարկել, որպեսզի «այսուհետ նման միջադեպեր տեղի չունենան»: