
Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանել ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանին

Ահա՛, խնդրե՛մ, ևս մեկ ոջիլ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։
«Մարմնիդ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոջիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։
Նեղվում էի, ընկե՜րս, նեղվում էի։ Եթե իհարկե գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի նեղվում են։
Ի՞նչ պետք է անեի, որ իմանայիր` նեղվում եմ։ Պետք է ձեր մակարդակի իջնեի՞ եւ մրցավազքի մեջ մտնեի՞։ Դա էլ է կրթության հարց, գիտե՞ս. աղետի, դժբախտության, պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։
«Ցավի» սպարտակիադա էիք հայտարարել. մինչեւ այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից` չկայացած պոետի իրենց ձիրքով ցավ ու կորուստ են մրմռացնում։
Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացրեցիք նրանց մայրերին` ցույց տալու համար, թե որքա՜ն եք նեղված, եւ ապացուցելու համար, որ մայրերը տառապում են, երբ զավակ են կորցնում։ Իսկապե՞ս։ Դա ապացուցելու կարիք ունե՞ր։ Տգիտություն չէ՞, երբ փորձում ես ապացուցել անապացուցելին՝ ակներեւը։
Եթե մի քիչ կրթվեիք եւ սեփական քթից անդին մի բան տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չենք, որ պատերազմի միջով անցանք։
Եւ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք։
Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալար ոռնոց էր արձակվում, ստիպված էի ամեն կերպ հակակշռել այն, որպեսզի աշխարհը չարձանագրեր` մինչեւ պատերազմը «առյուծ կտրող», պատերազմից հետո կաղկանձող իմ տեսակը։
Այնպես որ, ընկե՜րս, հանդարտվիր, ամեն ինչ այդքան պարզ չէ՛, որքան կարող է թվալ»,- գրել է նա։