
ՌԴ-ն պատրաստ է այդ դերը ստանձնել. ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է իրանական միջուկային դոսյեի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի գործարքում ստանձնել այն դերը, որը նրան կվստահեն համաձայնագիրը ստորագրած երկրները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում մենք պատրաստ կլինենք ստանձնել այն պատասխանատվությունը, որը մեզ հետ պատրաստ են կիսել այդ պայմանավորվածությունը ստորագրող երկրները»,-ասել է նա:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն անցկացրել են անուղղակի բանակցությունների չորս փուլ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 11-ին Օմանում։ Իրանի ԱԳ նախարարը հանդիպումից հետո հայտնել է, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, իսկ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ վստահություն կառուցելու համար Իրանը պատրաստ է կարգավորել ուրանի հարստացման մակարդակը, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել հարստացումից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը մոտ է ավարտին՝ լավատեսություն հայտնելով Թեհրանի օբյեկտներին ռազմական հարվածը կանխելու վերաբերյալ: