
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան

Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ, մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին:
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր կառավարությունը հաստատակամորեն նվիրված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղման գործին։
Մենք հետևողականորեն ձգտում ենք Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել և վավերացնել այս փաստաթուղթը։ Թեև դեռևս պարզ չէ՛ արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։ Եթե մտահոգություններն անկեղծ են, օրինակ՝ սահմանադրական հարցի վերաբերյալ, ապա առանց մանրամասների մեջ խորանալու, կարող եմ հավաստիացնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն է Խորհրդարանի կողմից՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո։
Ամեն դեպքում, մենք կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին։ Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ մեր ԵՄ գործընկերները հետևողականորեն ընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը՝ թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում և հաղորդակցություններում։
Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին զուգահեռ մենք ակտիվորեն առաջ ենք մղում մեր տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ամրագրված սկզբունքների շրջանակներում։ Այս նախաձեռնությունն առաջարկում է, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները և կապուղիները՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ կամ կապի գծեր, գործեն այն պետությունների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և հիմնված լինեն փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա։
Մենք «Խաղաղության խաչմերուկը» համարում ենք լիովին համադրելի ԵՄ «Համաշխարհային դարպասի» և «Միջին միջանցքի» գաղափարների հետ, որոնք ավելի ու ավելի են ընդգծում թափանցիկ, անվտանգ և ինքնիշխանությունը հարգող փոխկապակցվածությունը։ Հայաստանի ներգրավվածությունն այս ձևաչափերում և՛ ժամանակին է, և՛ անհրաժեշտ։ Հիմա է ճիշտ պահը՝ Հայաստանն առավել խորապես և ռազմավարականորեն խարսխելու Եվրոպայի զարգացող փոխկապակցվածության տեսլականին՝ որպես խորը վերափոխման ենթարկվող տարածաշրջանի սրտում գտնվող հանձնառու, կանխատեսելի, ժողովրդավար և սկզբունքային գործընկեր։
Տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը Հայաստանի հանձնառության մասին են վկայում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Բարձր մակարդակի երկխոսությունը շարունակվում է՝ ներառյալ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումները, ինչպես նաև իմ շփումներն արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք խորապես համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, զգալի հնարավորություններ կբացի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար։
Ես խոսեցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, սակայն ցանկանում եմ նշել, որ մենք արդեն ձևավորված և ինտենսիվ համագործակցություն ունենք մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ։
Մեր համագործակցությունն Իրանի հետ հավելյալ ռազմավարական խորություն է հաղորդում․ Պարսից ծոց - Սև ծով միջանցքի միջոցով մենք կարող ենք նպաստել տարածաշրջանային լայն փոխկապակցվածությանը՝ կապելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը Ծոցի երկրների հետ և անդին։