
Ամեն ինչ կոնտրոլի տակ է, եթե խոսացնեն, ավել բաներ էլ եմ ասելու․ Քոչարյան

2018թ․ հեղափոխության ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգել է Սերժ Սարգսյանին ու հետաքրքրվել իրավիճակի մասին. մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում այս մասին հայտնել է Քոչարյանը։
«Ինձ տարբեր մարդիկ դիմում են, ասում՝ մի հատ դու էլ ասա, ոնց որ վիճակը ձեռից գնում ա, բան չի անում։ Ես զանգեցի Սերժ Սարգսյանին, ասում եմ՝ վիճակը ոնց ես գնահատում, պրոբլեմ ա, ինձ տարբեր տեղից սա են ասում, ձնագնդի պես գնում է դեպի այլ ուղղություն, կոնտրոլը կորցնելու եք, ինքը շատ հանգիստ ասաց՝ ի՞նչ-որ պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ ա։ Ինձ զարմացրեց, հարցրի վստա՞հ ես, երևի մի 2 անգամ նույն հարցը տվեցի։ Շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, մի քանի օր հետո հրաժարական տվեց՝ 5-6 օր հետո»,- նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ մինչ այդ բավականին երկար ժամանակ ինքն ու Սերժ Սարգսյանը շփում չեն ունեցել.
«Երբ քեզ շատ հանգիստ ասում են՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, ես ի՞նչ պիտի անեի։ Ես մինչ այդ բավականին երկար ժամանակ շփում չեմ ունեցել իր հետ, վիճակից ելնելով որոշեցի, որ, այնուամենայնիվ, պետք է զանգել ու այդ ահազանգը հասցնել իրեն։ Ենթադրում եմ՝ իրավիճակի սխալ գնահատում է եղել։ Ավել չեմ ասելու, բայց եթե խոսացնեն, ավել բաներ էլ եմ ասելու»,- նշել է նա՝ հավելելով, որ խոսացնողներն անձիք են, որոնք տեղյակ չլինելով մանրամասներից, «օդից բաներ են հնչեցնում»։