Այդ դեպքում Եվրոպան և ԱՄՆ-ն կուժեղացնեն ճնշումը․ Մակրոնը զգուշացրել է

Եթե Մոսկվան համառի հրադադարի հարցում, ապա Եվրոպան և ԱՄՆ-ն կուժեղացնեն ճնշումը։ Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Նրա խոսքով՝ Ուկրաինայում վտանգված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը։ Մակրոնը կոչ է արել հաստատել արդար և տևական խաղաղություն, որը պետք է սկսվի լիակատար և առանց պայմանների հրադադարից:


«Դա առաջարկ է, որը մենք անում ենք ԱՄՆ-ի հետ միասին, և Ուկրաինան այն ընդունել է մարտի 11-ին։ Իսկ ՌԴ-ն ժամանակ է ձգում, պայմաններ պարտադրում, ժամանակ շահում և շարունակում է իր զավթողական պատերազմը։ Եթե Մոսկվան համառի բանակցությունների արգելափակման հարցում, ապա մենք՝ ԱՄՆ-ի հետ կուժեղացնենք ճնշումը», - խոստացել է նա։


Հիշեցնենք՝ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Ուկրաինա՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Եվրոպական առաջնորդներին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: