Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու գործով կա ձերբակալված

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:


«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- գրել է նա:


Հիշեցնենք՝ հրկիզել էին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան։ Այս մասին հայտնել էր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։