Արտաշատում կարկուտը վնասել է բերքը, տների ապակիները և տանիքները

Արտաշատում կարկուտը վնասել է ամբողջ բերքը, ինչ կա-չկա, ջարդել է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Անդրանիկ Կիրակոսյանը։


Տեղատարափը ոչ միայն բերքն է վնասել, այլ նաև տների ապակիները, տանիքները։


«2023 թվականին Արտաշատ համայնքում 5 նոր հակակարկտային կայաններ են տեղադրվել Վարդաշեն, Արևշատ, Ոստան, Դեղձուտ և Մրգավան բնակավայրերում։ Դրանք պետք է որ սպասարկեին Արտաշատ քաղաքային համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այսօրվա առատ տեղումները և կարկուտը գրեթե ոչնչացրին ամբողջ բերքը՝ չհաշված սածիլները»,- ասել է Կիրակոսյանը։


Հեղեղվել են նաև շատ տներ և խանութներ։


«Տպավորություն էր, որ կայաններն ընդամենը 10%-ով են գործածվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը»։ Չեմ հասկանում՝ էս իշխանությունների մոտ 10%-ից ավելի ոչինչ չի՞ ստացվում»,- հավելել է Կիրակոսյանը:


Կարկտի հետևանքով վնասվել են նաև ջերմոցային տնտեսությունները։