
Հայտնի է` որ ժամին տեղի կունենա Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն (Երևանի ժամանակով 17:00-19:00-ն)։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, մարտի 18-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Դա կլինի Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ը։ Ղեկավարները կխոսեն այնքան, որքան հարմար կգտնեն»,- ասել է նա ճեպազրույցում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նախատեսում է հնարավորինս արագ տեղեկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների մասին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թրամփի վերջին հայտարարությունները, թե առաջիկա զրույցի շատ հարցեր արդեն համաձայնեցված են։ Նա նշել է, որ կա «խոսակցության թեմաների որոշակի ըմբռնում»։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված։
Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։