Հասարակություն

ԱՄՆ-ը խստացնում է երեխաներին անձնագիր տրամադրելու պայմանները

ԱՄՆ-ը խստացնում է երեխաներին անձնագիր տրամադրելու պայմանները

ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկել է երեխաների համար անձնագիր ստանալու գործընթացում ծնողներից պահանջել իրենց քաղաքացիությունը կամ ներգաղթային կարգավիճակը հաստատող փաստաթղթեր։


Նախաձեռնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու քաղաքականության շրջանակում է։


Reuters-ի ուսումնասիրած ուղեցույցի նախագծի համաձայն՝ նոր կարգավորումը կապված է Թրամփի օգոստոսի 6-ի գործադիր հրամանի հետ, որն ուղղված է, մասնավորապես, այսպես կոչված «ծննդյան տուրիզմի» դեմ։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ կանայք մեկնում են ԱՄՆ՝ այնտեղ երեխա ունենալու և նրա համար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով։


Եթե առաջարկն ընդունվի, երեխաների անձնագիր ստանալու համար դիմող ծնողները կամ օրինական խնամակալները պետք է ներկայացնեն իրենց քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ՝ օրինակ գործող ամերիկյան անձնագիր կամ ծննդյան վկայական։ Ներգաղթային կարգավիճակը հաստատելու համար կարող են պահանջվել I-94 ձևաթուղթ կամ մշտական բնակության քարտ՝ «գրին քարտ»։ Այս տեղեկությունների հիման վրա իշխանությունները կորոշեն՝ արդյոք երեխան համապատասխանում է քաղաքացիություն ստանալու պահանջներին։


Ներկայում ԱՄՆ-ում ծնված երեխայի համար անձնագիր ստանալիս ծնողները պետք է ապացուցեն ծնողական կապը և ներկայացնեն լուսանկարով անձը հաստատող փաստաթուղթ։ Դիմումում նրանք նաև նշում են՝ արդյոք ԱՄՆ քաղաքացի են, սակայն դա հաստատող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չկա։


Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու նախորդ փորձը հակասահմանադրական էր ճանաչվել ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից։ Նոր գործադիր հրամանը ևս կարող է վիճարկվել և արգելափակվել դատարանում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250