Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Խաչատրյանին․ որոշ խնդիրներ լուծման փուլում են

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գագիկ Խաչատրյանին․ որոշ խնդիրներ լուծման փուլում են

Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:


«Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրության առարկա են դարձել Գ. Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։


Միևնույն ժամանակ, առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։


Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:


Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։


ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:


Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից:


Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` նշված գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ ընթացքում լիարժեք երաշխավորվեն անձի իրավունքները:


Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250