Երբ շահագործման պատրաստ կլինի Իրան–Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը
Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031–2033 թվականներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։
Խոսքը Հայաստանի համար խոշոր էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի խոսքով` կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորության ենթակառուցվածք՝ Վրաստանի ուղղությամբ։
«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասել է նա։
Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի գործարկումը հնարավորություն կտա գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ մեծացնել։
«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանել է նա։
Իսկ թե տվյալ պահին որ ուղղությամբ կլինի էլեկտրաէներգիայի հոսքը, ըստ նրա, կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից։
Անդրադառնալով հարցին, թե սպառման աճի, այդ թվում՝ IT ոլորտի զարգացման և նոր խոշոր սպառողների ի հայտ գալու պայմաններում Հայաստանը երբ կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, Աբրահամյանը հայտնել է, որ այս պահին նման խնդիր չկա։
«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշել է Աբրահամյանը։
ՏԿԵՆ ներկայացուցչի համար հասկանալի չէ, թե որտեղից են առաջանում Հայաստանում հնարավոր էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մասին խոսակցությունները։ Աբրահամյանը հավելել է, որ բացառություն են արտառոց սպառման պահանջարկի առանձին դեպքերը, որոնց մասին խոսվել է նաև ոլորտային քննարկումների ընթացքում։
«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծել է նա։
Աբրահամյանն անդրադարձել է նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են արևային էներգետիկ հզորությունները։
Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի մակարդակում էր, ապա այժմ ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։
«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշել է Աբրահամյանը։
Ըստ նրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները պետք է համապատասխանեցվեն նոր հզորություններին։
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել նաև հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունը ներառված է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։
«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասել է նա։
Միաժամանակ հավելել է, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը կապվում է երկու կարևոր խնդրի լուծման հետ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորման և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելու հետ։
«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնել է Աբրահամյանը։
ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորությունները թույլ են տալիս առանց լրացուցիչ լուծումների։
Աբրահամյանը խոսել է նաև Սև ծովի հատակով նախատեսվող էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը։ Հայկական կողմը, ըստ նրա, որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։
«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասել է Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ ներկա փուլում վաղաժամ է ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով և ինչ չափով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը։
«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշել է պաշտոնյան։
Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերի միացում՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...