Սպառնալիքներ, բռնության կոչեր՝ Աբխազիայի հայերի նկատմամբ. ահազանգ

Աբխազիայի հայ համայնքը հայտնել է երկրում հայազգի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերի մասին:


«Համացանցում տարածվում են ձայնագրություններ, որոնցում քաղաքացիներ Բգանբա Է.Զ.–ն և Վանաբա Յու.-ն կոչ են անում հետապնդել Աբխազիայի Հանրապետության հայազգի քաղաքացիներին՝ իրենց քաղաքական ընտրության համար։ Այս նյութերը բռնության ուղղակի կոչեր են և խարխլում են Աբխազիայի Հանրապետությունում ազգամիջյան միասնությունը»,– նշվում է հայտարարության մեջ։


Ըստ հայտարարության՝ նախընտրական քարոզարշավի սկզբից ճնշումներ են գործադրվել մի շարք գյուղերի ղեկավարների վրա, որտեղ բնակվում են ազգությամբ հայ քաղաքացիներ, հնչել են սպառնալիքներ՝ աջակցելու կոնկրետ ուժերի։


Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը նշում է, որ ձեռնպահ է մնացել հրապարակային հայտարարություններից՝ հավատարիմ մնալով ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքներին։ Այնուամենայնիվ, իրավիճակը, երբ կան բռնության բացահայտ կոչեր և սահմանադրական իրավունքների սահմանափակման կոչեր, պահանջում է անհապաղ և կոշտ արձագանք։


«Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը գործում է ի շահ ողջ երկրի: Կոչ ենք անում իրականացնել սահմանադրական սկզբունքները յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար՝ անկախ նրա ազգությունից։


Մենք այս իրավիճակով մտահոգված Աբխազիայի բոլոր քաղաքացիների անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

1. Անմիջապես հաստատել տարածված աուդիո ձայնագրությունների իսկությունը:

2. Իսկության հաստատման դեպքում՝ խիստ իրավական գնահատական ​​տալ Բգանբա Է.Զ.-ի և Վանաբա Յու.-ի հայտարարություններին համապատասխան քրեական գործեր հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։


3.Երաշխավորել ազգությամբ հայ քաղաքացիների և բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր ընտրական գործընթացի ժամանակ ենթարկվում են ճնշումների կամ սպառնալիքների։

4. Համակողմանի միջոցներ ձեռնարկել ճնշելու ցանկացած ագիտացիա, որը հրահրում է տարաձայնություններ և թշնամություն ազգության հիմքով»:


Հայ համայնքը պահանջում է, որ այս կոչի պատասխանը գրավոր ուղարկվի Աբխազիայի Հանրապետության հայ համայնքին, ինչպես նաև հնարավորինս շուտ հրապարակվի պետական ​​պաշտոնական լրատվամիջոցներում։