Սա այն կարևոր հարցերից է, որին մենք ուշադիր հետևում ենք. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկրի համար անթույլատրելի է, որ Սիրիայում պետական ուժային կառույցների հետ միասին գործի կենտրոնական կառավարությունից անկախ զինված աշխարհազորը: Այս մասին նա ասել է Մյունխենի անվտանգության համաժողովում Սիրիային նվիրված պանելային քննարկման ժամանակ։


«Մենք տեսնում ենք, որ այժմ Սիրիայի իշխանությունները ճիշտ քայլեր են ձեռնարկում զինված խմբավորումների միավորման ուղղությամբ։ Մեր կարծիքով՝ ՄԱԿ -ի անդամ ցանկացած երկրում պետք է լինի միայն մեկ լեգիտիմ ուժային կառույց։ Սիրիան կունենա սեփական զինված ուժեր, սեփական իրավապահ մարմիններ, բայց պետք է կառավարվի ու ենթարկվի կառավարությանը: Մենք չենք կարող հանդուրժել զինված աշխարհազորի առկայությունը ՝ անկախ նրանից, թե ինչի համար է նա հանդես գալիս», - ասել է Ֆիդանը։


Նա հավելել է, որ «երկար ժամանակ տարածաշրջանի երկրներում աշխարհազորի առկայության փորձը հանգեցրել է միայն քաոսի»։


«Ուստի կարգուկանոնն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար պետք է լուծել աշխարհազորի խնդիրը՝ դրան ընդգրկելով ազգային բանակում։ Կարծում եմ՝ այդ գործընթացն ընթանում է։ Սա այն կարևոր հարցերից մեկն է, որին մենք ուշադիր հետևում ենք», - նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Քաղաքականություն