Սիմոնյանը` հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձի մասին
Խաղաղության հասնելու ճանապարհին կենսականորեն կարևոր է բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինը հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձն է։ Այս մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։:
Վերջինս նշել է, որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցված է։ Նրա խոսքով, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթը, այլև մնացած խնդիրների վերաբերյալ հարցերի պատասխաններ տալ։ Սիմոնյանը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը մինչև այժմ չի արձագանքել այս առաջարկներին։
Նա հավելել է, որ չնայած անվտանգության ոլորտում մարտահրավերներին, Հայաստանը ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։
««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանը, ուղղված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքներով անցնող ենթակառուցվածքների իրավասության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը։