Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք. Թունյանը` տրանսպորտի սակագնի մասին
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Անկեղծ զրույց՝ տրանսպորտի սակագնի մասին, Սիրելի հայրենակիցներ, եկեք «ծուռը նստենք, դուզը խոսենք»:
Ես գիտեմ, որ ամենահաճելի բաներից մեկը իշխանություններին քննադատելն է, իսկ քննադատելու բան միշտ կարելի է գտնել: Կարելի է մի կողմից քննադատել ինչ-որ բաներ չանելու կամ ոչ բավարար անելու համար (ճանապարհներ սարքելուց մինչև աշխատավարձի ու թոշակի չափ), մյուս կողմից, երբ պետությունը փորձի այդ բաներն անելու համար միջոցներ գեներացնել, քննադատել հարկեր, տարբեր վճարներ հավաքելու կամ պետական պարտք ներգրավելու համար:
Դե նորմալ է, բոլոր իշխանություններին բոլոր ժամանակներում քննադատել են: Ես էլ բնավ չեմ ակնկալում, որ միանշանակ համաձայնեք ասածներիս, բայց խնդրում եմ՝ փորձեք անկողմնակալ ու առանց ավելորդ զգացմունքայնության վերաբերվել: Անկախ քաղաքական հայացքներից, անկախ կոնկրետ անձանց կամ կառույցների նկատմամբ վերաբերմունքից՝ փորձենք միասին վերլուծել կոնկրետ Երևանի տրանսպորտի հետ կապված իրավիճակը:
Մի քիչ երկար է, բնականաբար կարող էիք այդ ժամանակն օգտագործել ավելի հաճելի զբաղմունքի վրա, բայց կխնդրեմ չալարել և կարդալ. թեման կարևոր է, և մեզ համար կարևոր է ձեր վերաբերմունքն ու ձեր կողմից հասկացված լինելը:
Եվ այսպես, ձեր կարծիքով, ո՞վ է ամենից շատ շահագրգռված, որ Երևանում ունենանք բարձրակարգ տրանսպորտային համակարգ՝ ԱՌԱՆՑ ուղեվարձը փոխելու: Բնականաբար, ուղիղ շահառուին՝ ուղևորին, չենք դիտարկում:
Ընդդիմությո՞ւնը, առանձին հասարակական գործիչնե՞րը, կամ, ասենք, նախկին քաղաքապետ Հայկ Մարությա՞նը: Քավ լիցի: Ամենաշահագրգիռը քաղաքային իշխանությունն է: Ամենաշատը իրենք են ուզում, որ քաղաքում լինի ժամանակակից, ժամացույցի պես ճշգրիտ աշխատող հասարակական տրանսպորտ՝ նոր, տեխնիկապես հագեցած մեքենաներով, պրոֆեսիոնալ ու ցիվիլ վարորդներով, և որ դրա համար լրացուցիչ ծախսեր չպահանջվեն: Որպեսզի իրենց օրոք նման լրջագույն առաջընթաց գրանցվի, մարդիկ գոհ լինեն և հաջորդ ընտրություններին նորից իրենց ձայն տան:
Իսկ ինչո՞ւ դա չեն անում՝ առանց ուղեվարձ վերանայելու: Չե՞ն ուզում նորից ընտրվեն: Հնարավոր է, ու չե՞ն անում, ու միտումնավոր տանում նրան, որ բնակիչը բողոքի, դժգոհի ու հաջորդ անգամ իրենց ձայն չտա՞: Հաճո՞ւյք են ստանում մարդկանցից ավելի շատ փող գանձելով, թե՞ այդ գումարները գնում են իրենց գրպանները:
Ոչ, ոչ և դարձյալ ոչ:
Պատճառը պարզ է, ու դրա մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ Հայկ Մարությանն ու մնացածը, որոնք կոչ են անում փետրվարի 1-ից բոյկոտել ուղեվարձի նոր համակարգը և կոլապսի ենթարկել քաղաքային տրանսպորտի աշխատանքը: Հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման ունենալ նորմալ տրանսպորտային համակարգ:
Վերջին 10-15 տարում ամեն ինչ թանկացել է, վառելիքի, պահեստամասերի գները կրկնապատկվել են, աշխատավարձերը աճել են: Չի փոխվել միայն ուղեվարձը: 100 դրամով պարզապես անհնար է պահպանել գործող ավտոպարկը, էլ չեմ խոսում՝ դրա թարմացման մասին»: