«Ջերմուկ Գրուպ»-ն` իր դեմ դատական հայցի մասին

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն հերքում է իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումները։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։


«Հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ո՛չ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ո՛չ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում`ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,– ասված է հատարարության մեջ:


Ընկերությունից նշում են նաև, որ մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության մեղքը:


«Ավելին, Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված կողմ»,– հավելել են «Ջերմուկ գրուպից»:


Ընկերությունից հիշեցրել են, որ Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացվել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա:


Բացի այդ, ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Արդյունքում, ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։


Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ջերմուկ» հանքային ջրի շշի մեջ հայտնված քացախաթթվի պատճառով մահացած վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի ընտանիքը «վնասի վերականգնման» հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` պահանջելով 1,5 մլրդ ռուբլու փոխհատուցում և արտադրանքի վաճառքի դադարեցում։