Շատ երկրներ պատրաստ են դրան. Պեսկով
Շատ երկրներ են պատրաստ հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հիպոթետիկ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրենց ծառայությունները շատ երկրներ են առաջարկում, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշել է Պեսկովը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նաև վաղաժամ է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի հռետորաբանության փոփոխության մասին խոսելը։
«Մենք ուշիուշով հետևում ենք այդ հարցազրույցներին։ Սակայն հռետորաբանության փոփոխության մասին հնարավոր կլինի ասել միայն պաշտոնական նշանակումներից մեկ շաբաթ անց: Առաջիկա յոթ օրը գործընթացը ղեկավարելու է (Ջո) Բայդենն իր թիմով», – ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի խորհրդականի հայտարարությունը, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել այն բոլոր տարածքները, որոնք այժմ գտնվում են ՌԴ վերահսկողության տակ։
Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը նախապատրաստում է նրա հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ «Ուկրաինայի վերաբերյալ գործարքը» անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության, և առաջիկա ամիսներին կաշխատի դրա ուղղությամբ։