Ալիևի հստակ խնդիրն է թույլ չտալ Արևմուտքի ներկայությունը մեր տարածաշրջանում. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է, որ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում:


«Ալիևը տարին միշտ մեկնարկում է ծավալուն ելույթով։ Վերջին երկու տարիներին՝ 2023-ին ու 2024-ին, նա խոսել էր հունվարի 10-ին, մոտ երկու ժամ։ Այս անգամ խոսել է երեք ժամ ու մի երկու օր շուտ։ Այս ելույթի որոշ հատվածներ շատ ակտիվ են քննարկվել մեր մեդիա տիրույթում՝ անթաքույց սպառնալիքների պատճառով։ Բայց անկեղծորեն ասեմ՝ մեր դեմ ուղղված բոլոր սպառնալիքները այս կամ այն չափաբաժնով վաղուց արդեն հնչել են թե՛ Ալիևի, թե՛ այլ պաշտոնյաների, և՛ թե իրենց հեռուստաալիքների միջոցով։ Տեսնողը տեսել է, չտեսնողն էլ չտեսնելու է տվել, բայց դրանից իրողությունները չեն փոխվել։


Այդուհանդերձ, այս ելույթը, ավելի ճիշտ՝ հարցուպատասխանը, պարունակում է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Սա ուղղված չէր միայն մեր դեմ, սա ելույթ էր՝ ընդդեմ ԱՄՆ ներկայիս վարչակազմի, որոնց Ալիևը կոչում է «սորոսական», ընդդեմ Ֆրանսիայի, Կանադայի, հատկապես հրաժարական տված վարչապետի, ընդդեմ ԵՄ որոշ երկրների, որոնք դիտորդական քաղաքացիական առաքելություն են իրականացնում ՀՀ-ում, ի վերջո՝ նաև ընդդեմ Իրանի։ Ռուսաստանի հարցում, Ալիևն ավելի զգուշավոր էր։ Ես կներկայացնեմ հատվածներ, որոնք մեր մամուլում տեղ չեն գտել։


Այսպես, Ֆրանսիային անդրադառնալիս նա նշում է․ «Իսլամաֆոբիան և այլատյացությունը, ընդհանուր առմամբ, ֆրանսիական քաղաքական դասի բնորոշ գծերն են։ Եվ ոչ միայն դա։ Ի դեպ, հակասեմիտիզմը նույնպես հայտնի է բոլորին։ Գումարած, կա հայկական ազդեցություն, հայկական լոբբին, և բոլորն ուզում են ներկայանալ հայկական համայնքների առջև և ինչ-որ դիվիդենտներ ստանալ թե՛ հիմա, թե՛ ապագայում․․․Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ազդանշաններ ենք ստանում Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներից՝ կապ հաստատելու համար։ Հիշում եմ, որ դրանք եղել են երեք-չորս տարբեր անձանցից, և մեր պատասխանը միշտ եղել է՝ «պատրաստ ենք»։ Այո, մենք այսօր պատրաստ ենք, բայց ոչ մի տեղ չենք գնալու՝ ոչ Փարիզ, ոչ Բրյուսել։ Եթե ​​մեզ հետ հանդիպելու կարիք ունեք, կարող եք մեզ հետ հանդիպել այստեղ՝ Բաքվում։ Բայց ինչ-որ փուլում կրկին վակուում է ու լռություն է առաջացել․․․Գլխավորն այն է, որ նրանք մեզ ձեռք չտան, չխառնվեն մեր գործերին և չխառնվեն Հարավային Կովկասի գործերին։ Սա արդեն պահանջ է, որը մենք բավականին հստակ ձևակերպում ենք»։


Այսինքն՝ Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։


Իրանի մասին խոսելիս, տարբեր այլ դրվագների հետ մեկտեղ Ալիևը նաև ակնարկում է, որ Իրանի հոգևոր առաջնորդից ներողություն է ակնկալում․ «Ինչ վերաբերում է գավառական մոլլայի՝ ատելությամբ լցված վերաբերմունքին մեր նկատմամբ, ապա սա առաջին անգամը չէ։ Արդաբիլ քաղաքի այդ մոլլան բազմիցս վիրավորական արտահայտություններ է արել Ադրբեջանի, ադրբեջանցի ժողովրդի, այդ թվում՝ իմ հասցեին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպիսին է իրեն այդ պաշտոնում նշանակած անձի վերաբերմունքը այդ հարցում։ Չէ՞ որ նա ինքնուրույն չի եկել այնտեղ նստել։ Մենք շատ լավ գիտենք, թե ով է նրան նշանակել։ Ինչպիսի՞ն է նրա արձագանքը, սատարո՞ւմ է, թե՞ ոչ, և ո՞վ է ներողություն խնդրելու Ադրբեջանից։ Ներողություն կխնդրե՞ն, թե՞ ոչ։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ արտահայտված ափսոսանքը բավարար չէ։ Բացահայտ վիրավորանք եղավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահներին, մեր ժողովուրդներին, և՛ պաշտոնական միջոցառման ուղիղ եթերի ժամանակ։ Եվ միայն ափսոսա՞նք: Սա, իհարկե, անընդունելի է։ Ուստի կարծում ենք, որ գավառական մոլլան պետք է պատժվի։ Նրան առնվազն պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից և ստիպել ներողություն խնդրել Ադրբեջանից․․․»։


ԱՄՆ-ին ներկայիս վարչակազմին Ալիևը փաստորեն կարգում է որպես «սորոսական»։ Դրա հետ մեկտեղ նա նշում է․ «Բայդենի վարչակազմի հիմնական սխալն Ադրբեջանի հարցում այն ​​էր, որ նա ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները վերածեց հայ-ամերիկյան հարաբերությունների զոհի։ Այսինքն՝ նրանք Ադրբեջանին մոտեցան Հայաստան-Ադրբեջան կամ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից, և մինչ այդ ձեռք բերված լավ արդյունքները ստվերվեցին, ինչը առաջին կետն է։ Երկրորդ՝ նրանք անարդար կեցվածք դրսևորեցին Ադրբեջանի նկատմամբ, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, և դա և՛ անարդար էր, և՛ երկակի ստանդարտների վրա հիմնված դիրքորոշում.․․»։


Իմ կողմից հիշեցնեմ, որ հենց ՀՀ իշխանություններն օգնեցին Ալիևին դուրս մղել բոլոր, այդ թվում՝ արևմտյան միջնորդներին Հայաստան-Ադրբեջան գործընթացից»,- գրել է նա։