Թող համբերատար սպասեն․ Քոչարյանը՝ կորած զինվորների հարազատներին

Թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը, այլ ոչ թե շանտաժի լեզվով փորձեն ծանոթանալ քննիչ հանձնաժողովի եզրակացությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցեր հանձնաժողովի, նաև 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով անհետ կորածների հարազատների բողոքի ակցիային, որոնք այսօր փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին հանդիպում իր հետ, սակայն հանդիպումը չկայացավ:


Հարցին որ, զոհված զինվորների հարազատները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, փակել էին ճանապարհը և պահանջում էին, որ դուք նրանց հետ հանդիպեք: Ինչո՞ւ չհամաձայնեցիք նրանց բոլորի հետ հանդիպել։


Քոչարյանը պատասխանել է՝ Նախ ինձ համար անակնկալ էր, որ այսօր զոհված ծնողների մի խումբը, որոնց շատ լավ ճանաչում եմ, եկել էին հանդիպման: Այդպիսի բան մի քանի խմբեր կան, և բոլորի հետ էլ ես հանդիպումներ ունեցել եմ ամբողջ տարվա ընթացքում: Պատերազմից հետո դրանք եղել են պարբերական, նաև եղել են հանդիպումներ Ստեփանակերտում: Այսօրվա հանդիպումը անակնկալ էր, օգնականս իջեցավ և առաջարկեց, որ 2-4 հոգի բարձրանան, մի հատ հասկանամ, թե ինչ խնդիր կա չլուծված, որ առնչվում է ԱԺ հանձնաժողովի հետ: Ասեմ, որ այսօրվա զոհվածների հարազատները, պայմանական ասեմ, Մեծամորի խումբը, Գոռի խումբը, պարբերաբար այդպիսի նպատակներ ունենում են՝ հանդիպել, քննարկել: Ես ասացի՝ բարձրանան վերև, իրենք հրաժարեցին, ասացին՝ ամեն մեկս անհատական ինչ-որ մի հարց ունենք: Ես ասացի՝ եթե անհատական խնդիրներ են, այդ հարցերը անհատապես պետք է գրավոր ներկայացնեն, որպեսզի ես իմանամ, թե որ հարցի շուրջ որ գերատեսչության հետ պետք է կազմակերպենք չլուծված հարցի լուծման պատկերացումները։


«Երբ բոլորով ուզում են հանդիպել հանձնաժողովի նախագահի հետ, մի քիչ տարօրինակ է դա, որովհետև մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ և ունեցել ենք բազմաթիվ լուծումներ։ Ես ասեցի, որ այնուամենայնիվ պետությունը ունի ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, իրենք մասնակցել են համարյա բոլոր նիստերին, թե՛ անհետ կորածների, թե՛ գերիների հարցերին վերաբերվող։ Եվ եթե այնտեղ որևէ խնդիր կա չլուծված, ես պետք է իմանամ, որ խնդիրը լուծված չի, որպեսզի ԱԱԾ տնօրենի հետ քննարկեմ այդ հարցերը: Իրենք հրաժարվեցին դրանից և ասեցին, որ եթե հանդիպում չկա, մենք Բաղրամյան փողոցը փակում ենք: Կներեք, դա ինձ համար հասկանալի ձևաչափ չի, որովհետեւ ես միշտ բաց եմ եղել բոլոր խմբերի համար»,- նշել է վերջինս:


Նա նաև ասել է որ, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ներգրավված է այդ միջգերատեսչական հանձնաժողովում և նա այսօրվա զոհվածների հարազատների և նրանց ընտանիքի անդամների հետ ունի ընդգծված ջերմ հարաբերություններ:


«Օգնականն ինձ ասաց, որ, իրենք հարցեր ունեն, կարծում են, որ քննիչ հանձնաժողովը հանգամանքներ կան, որ ուսումնասիրված չէ: Բնականաբար հարց է առաջանում՝ դուք ի՞նչ գիտեք, թե որ հարցերը ինչ խորությամբ են ուսումնասիրվել: Երկրորդը տարեվերջին այսպիսի հարց դնել, ակնհայտ էր, որ այստեղ ինչ-որ տեղից ինչ-որ խնդիրներ է բարձրացված, որպեսզի ծանոթանան քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, մինչդեռ ես պարտավոր եմ առաջին հերթին դա ներկայացնել ԱԺ լիագումար նիստում։


Էլ չեմ ասում, որ քննիչ հանձնաժողովի ձևաչափի մեջ եղել է նաև զոհվածների հարազատների երկուական պատվիրակ: Նրանք մեկ-երկու անգամ մասնակցել են աշխատանքին, հետո այլևս չեն մասնակցել: Այսօրվա անակնկալ այցը և հարցերը, ըստ էության, սխալ հասցեով էին եկել:


Իրենք այդ հարցերը հրաժարվել են ներկայացրել և որոշել են Բաղրամյան փողոցը փակել:


ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը միշտ եղել է յուրաքանչյուր կորուստ ունեցող ընտանիքի կողքին է շարունակելու է լինել, բայց դա պետք է չլինի ամեն մեկի անհատական ցանկության ու ճաշակի, թելադրանքի պարտադրանքով»,- ասեց Քոչարյանը:


Լրագրողի հարցին թե՝ Կարծում եք, որ սա ձեր դեմ ուղղված արշա՞վ էր, Քոչարյանը պատասխանել է՝ չգիտեմ՝ ինչի դեմ է ուղղված, բայց ամեն դեպքում սա անհասկանալի դրսևորում էր, երբ կարելի էր երեկ իրենց հետաքրքրող հարցերը գրավոր ուղարկել անձամբ ինձ: Իմ հետ իրենք որևէ պրոբլեմ չունեն կոնտակտի մեջ մտնել: Այդպես էլ իրենք չկարողացան խումբ ձևավորել, որ բարձրանա, գոնե ասեն, թե ի՞նչ են ուզում ինձանից լսել, կամ ի՞նչ են ակնկալում, որ հունվարի 1-ից հետո պաշտպանության հանձնաժողովը պետք է անի, որ իրենց հետաքրքրող հարցերը ստանան լուծումներ:


«Թող համբերատար սպասեն քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը, այլ ոչ թե շանտաժի լեզվով, փորձեն ծանոթանալ մի բանի, որի իրավասությամբ իրենք օժտված չեն»,- հավելել է նա։