Պարզաբանում՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ

Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, սակայն, երեկ հայտարարեցին, որ հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։


«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հանրային հ/ը միջև որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները»,- ասվում էր հայտարարությունում։


Aysor.am-ը  տվյալ հարցի շուրջ դիմել է Հանրային հեռուստաընկերություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպե՞ս է որոշվել ժամը, ինչո՞ւ Մայր Աթոռի հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել։


Հեռուստաընկերությունից հայտնել են, որ Կաթողիկոսի ելույթը ծրագրված է հեռարձակել պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկումից անմիջապես հետո, երբ հեռարձակվելու են ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձները։


«Ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ չկա օրենսդրական կարգավորում, յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները։ Այս տարի, ինչպես նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ուղերձները հեռարձակել նույն սկզբունքով»,- հայտնել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից։