Բաքվում Վարդանյանի նկատմամբ առկա է «հատուկ» վերաբերմունք․ Բեգլարյան

Ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։


Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ինչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։


«Բաքվում պահվող ռազմագերիների թիվը, որքան հասկանում եմ, 16-ն է, որոնք դեռևս չեն դատապարտվել, իսկ նրանց քրեական գործերն ինչ-որ ընթացքում են»,-նշեց Արտակ Բեգլարյանը։


Անդրադառնալով հարցին, թե ինչ ճակատագիր կարող է ունենալ Բաքվում անազատության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատական գործը՝ Բեգլարյանը նկատեց, որ Վարդանյանի նկատմամբ Բաքվում առկա է հստակ թիրախավորված և «հատուկ» վերաբերմունք։


«Քանի որ հատուկ հայտարարություն է եղել Ռուբեն Վարդանյանի մասով, և տարբեր միջազգային կառույցների կողմից, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ուշադրություն կա, այս տեսանկյունից, կարծես թե, ադրբեջանական իշխանությունները բացասական առումով «հատուկ» վերաբերմունք են ցուցաբերում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն, իհարկե, առկա է բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց այն առավել արտահայտված է Վարդանյանի դեպքում՝ հաշվի առնելով, որ վերջինիս իրավաբանական թիմը և ընտանիքն ավելի հանրայնորեն են պայքարում և ավելի ագրեսիվ են պայքարում այդ քրեական գործերի դեմ»,-նշեց Բեգլարյանը։


Վերջինս վստահություն հայտնեց, որ բոլոր քրեական գործերը շինծու են, որոնք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպման, ֆինանսավորում և այլ մտացածին մեղադրանքներ։


Արցախի ժողովրդի պայքարը հնարավոր չէ որևէ կերպ տեղավորել ահաբեկչության մեջ, որովհետև մենք ռազմական առումով ինքնապաշտպանվել ենք, իսկ մնացածն ամբողջապես եղել է քաղաքական պայքար, որի դեմքերից և առաջնորդներից են եղել հենց այն նախկին պաշտոնյաները, որոնք ներկայում գտնվում են Բաքվի բանտում»,-ընդգծեց ԼՂ-ի նախկին պետնախարար, ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։